Անահիտ Ղազարյանի ստեղծած «FashionDrug» ապրանքանիշն արդեն 5 տարի է, ինչ շուկայում է: Նրա պատրաստած յուրահատուկ աքսեսուարներն ու հագուստը հասցրել են գերել ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների ուշադրությունը: Չնայած բրենդը ստեղծվել է 5 տարի առաջ՝ հասցրել է մեծ հաջողություններ գրանցել: Ապրանքանիշի հիմնադիր, նորաձևության մասնագետ, դիզայներ Անահիտ Ղազարյանն իր անցած ճանապարհի, ապրանքանիշի գրանցած հաջողությունների մասին պատմել է Tert.am Life-ին:
Անահիտն առաջին մասնագիտությամբ արվեստաբան է: Դպրոցում երկար տարիներ աշխատել է որպես պատմության ուսուցչուհի, դասղեկ է եղել, ասում է՝ մեծ հաճույքով է աշխատել երեխաների հետ, սակայն մի օր հասկացել է, որ այդ մասնագիտությունն իր համար շատ երկրային է, ինչ-որ բան իրեն չի բավարարում:
«Ոչ թե մասնագիտությունս դարձավ անհետաքրքիր, այլ ես ավելին էի ցանկանում: Բնավորությամբ այնպիսին եմ, որ երբ հասկանում եմ՝ կյանքի այդ շրջափուլն ինձ համար ավարտված է, սկսում եմ մյուսը: Թողեցի ուսուցչի աշխատանքն ու ընդունվեցի մի ցանց, որը զբաղվում էր լյուքս դասի հագուստների և աքսեսուարների ներկրմամբ: 2,5 տարվա ընթացքում աշխատեցի շատ դիզայներների հետ, գործուղումներ ունեցա Եվրոպա և հասկացա՝ սա այն ոլորտն է, որտեղ ինձ տեսնում եմ: Այդպես որոշեցի արվեստի վիրտուալ, գեղեցիկ տեսլականը վերածել գործնականի և հարմարեցնել ինձ հոգեհարազատ բնագավառին: Բրենդը ստեղծելու հարցում երկար չեմ մտածել, տարբեր երկրներից ինքնատիպ հուշանվերներ, աքսեսուարներ բերելն իմ հոբբին է եղել ամբողջ կյանքում. ես այն վերածեցի մասնագիտության. հիմա ինքս եմ կյանքի կոչում իմ մտքերն ու աքսեսուարներ ստեղծում: Ես սկսել եմ բրոշներ պատրաստելուց, բրոշ կրելու թրենդը ես ստեղծեցի Երևանում, որից հետո շատերը սկսեցին բրոշներ կրել»,- ասաց նա:
Դիզայների խոսքով՝ «FashionDrug» անվանումը հատուկ է ընտրված: «Կարծում եմ՝ նորաձևությունը կանանց համար դեղահաբ է, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, գեղեցիկ արտահայտել անհատականությունը: Նորաձևության միջոցով կարող ես ինքդ քո մասին հետաքրքիր բացահայտումներ անել, հասարակությանը յուրահատուկ նամակ ուղարկել՝ ո՞վ ես դու, ի՞նչ հետաքրքրություններ ունես: Հաճախորդներիս թիրախավորելիս ես հասկացա, որ կարող եմ գործ ունենալ ինչպես հասուն, այնպես էլ գործունյա կանանց, տնային տնտեսուհիների, ուսանողների, աշակերտների հետ: «FashionDrug»-ն ունի բավականին լայն լսարան, որովհետև իմ ստեղծած բրոշները կարող են հոգեհարազատ լինել կանանց այս կամ այն խմբին»,- նշեց նա:
Անահիտը նկատեց, որ ամեն ինչ անում է սեփական փորձով: Ասում է՝ իր մեջ ունի կրեատիվ գենը, քանի որ մայրն ու քույրը ևս շատ ստեղծարար են, Անահիտի մայրական կողմում մասնագիտությամբ դիզայներները շատ են:
«Այս հինգ տարվա ընթացքում բրենդը հասցրել է ճանաչում գտնել շատ երկրներում: Ես ամեն տարի մասնակցում եմ ցուցահանդեսների, որոնցից են «Project Womens in Las Vegas»-ը, «Accessories Circuit in New York»-ը, «Super and White in Milan»-ը, «Premiere Classe and Bijorhga in Paris»-ը, «Junwex and CPM in Moscow»-ն: Ներկայացնում եմ Հայաստանը, իմ բրենդը և հասել եմ բավականին մեծ հաջողությունների, որովհետև մարդիկ գնահատում են իմ ստեղծագործությունների յուրահատկությունը, հետաքրքրությունը, ստեղծարարությունը: Ինձ համար մեծ ցուցանիշ է, որ արժանանում եմ նաև տարբեր ազգերի ներկայացուցիչների հավանությանը, ովքեր սիրում և կրում են իմ զարդերը: Իմ պատրաստած աքսեսուարները ներկայացվում և վաճառվում են նորաձևության կենտրոններ համարվող երկրներում՝ Իտալիայում և Ֆրանսիայում, ինչն ինձ համար մեծ պատիվ ու մոտիվացիա է՝ է՛լ ավելի լավ աշխատելու և նոր մտահորիզոն բացահայտելու համար»,- ընդգծեց նա:
Անահիտը նշեց, որ ապրանքանիշի գոյության 5 տարվա ընթացքում բարդությունների հանդիպել է, բայց կարծում է՝ յուրաքանչյուր բարդություն ստիպում է ավելի մեծ ջանքեր ներդնել գործի մեջ: «Երբ ես սկսեցի նոր բրոշներ պատրաստել, երկար մտածում էի՝ ինչ հումքից ստեղծել դրանք: Հասկացա, որ ցանկանում եմ օրգանական ապակի օգտագործել, որն այդ ժամանակահատվածում Երևանում ասոցացվում էր ինտերիերային դետալներ պատրաստելու հետ: Երկար ժամանակ ավտոտնակում փորձարկումներ ենք արել, աշխատել ենք ձեռնոցներով և դիմակով, որովհետև հալեցման գործընթացում օրգանական ապակուց տհաճ հոտ էր գալիս: Շատ երկար օրեր, փորձարկումներ, տարբեր մեթոդներ, աշխատանքային «մաներա» է պահանջվել, որպեսզի ունենամ այն, ինչ կա այսօր: Հիմա արդեն հանդիսանում եմ իմ ստեղծագործությունների մտավոր սեփականատերը, ամեն ինչ օրենքով ամրագրել եմ, ունեմ իմ լավ թիմը, որի հետ տալիս եմ այսօրվա արտադրանքը»,- ասաց Անահիտը:
Ըստ դիզայների՝ երբ նոր արտադրանք է շուկա ներմուծվում, մարդիկ պատրաստ չեն լինում. այն հասկանալու, գնահատելու համար մարդկանց ժամանակ է պետք:
«Յուրաքանչյուր աշխատանքում է այդպես: Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչ խորհուրդ կարող եմ տալ բիզնես ունեցողներին, ես էլ ասում եմ՝ երբեք պետք չէ հիասթափվել և կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ ակնկալել: Չնայած, հուրախություն ինձ, երբ ես ներկայացրի իմ առաջին հավաքածուն, որը նախատեսված էր մայրիկների և դուստրերի համար, մեծ արձագանք ստացավ և ամեն ինչ հաջողությամբ պսակվեց: Դժվարությունն այն է, որ մարդիկ պետք է տեսնեն, գնահատեն, դառնան քո մտածելակերպի գաղափարակիցը, որպեսզի կարողանաս աշխատել ոլորտում»,- նշեց նա:
Խոսելով նորաձևության ոլորտի համար անցնող բարդ տարվա մասին՝ Անահիտն ասաց, որ ժամանակահատվածը բարդ էր, բայց ուներ իր մարտահրավերները, որոնց հարմարվելով, մտածելով նոր հնարքներ, փորձել է դուրս գալ ճգնաժամից:
«Կորոնավիրուսից հետո մարդիկ սկսեցին ավելի շատ ձգտել հարմարավետ և որակյալ հագուստի: Ամառվանից ես սկսեցի նաև հագուստի արտադրություն, որոնք հարմար են, նորաձև և առօրյա, կարվում են բարձրորակ հումքից և թույլ են տալիս ոճային լինել հարմարավետության մեջ: Սպորտային հագուստի հավաքածուի հիմքում հենց այդ սկզբունքն է,- ասաց նա և հավելեց՝ տարվա ընթացքում փորձել է փայփայել, ջրի երեսին պահել այն, ինչն իր համար երեխայի պես է,- Յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ նոր հնարավորություններ է բերում, ստիպում է ավելի տքնաջան աշխատել, տարբեր միջոցներ ձեռնարկել: Պետք է շարունակել աշխատել, օգտակար լինել պետությանն ու ձեռքերը ոչ մի դեպքում վայր չդնել»:
Անահիտի աշխատանքների պաշտոնական կայքը՝ FashionDrug Accessories
Անահիտի պաշտոնական էջերը Ֆեյսբուքում` Fashion Drug by Anahit Ghazaryan և Ինստագրամում՝ fashiondrug_by_anahit
We are always happy to meet new partners!
Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.